Թումանյանական խառնաշփոտ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

– Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

– Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․

— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․

Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Գնա՛ մի տես, քույրդ ընչի ուշացավ։

Միջնեկ աղջիկն է գնում։

Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։  — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին ետ չեկան։

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում երկու քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն ձենի տալիս։  Մերն սպասում է, սպասում, տեսնում է՝ աղջիկները չեկան, ինքն է գնում։

Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են․

—Արի՛, արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եղել։

— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։

Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից, ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ՝ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։

Վեր է կենում գնում։

Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի․

— Արի՛, արի՛, անբախտ պապի, արի տես՝ քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել․․․ վա՛յ քու Կիկոսին․․․

— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
 Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․


— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք։

Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է․

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։

Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած—չունեցած չորսոտնանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ՝ մի քթոց ալյուր։

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է․

– Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

– Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Կովն ասում է․

– Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Աղվեսը գնում է արտի մոտ։

– Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

– Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

– Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

– Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

– Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսր գնում է չարչու մոտ։

– Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

– Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․  – Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

– Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *